1 Corinthians 3
1 Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևորների, այլ իբրև մարմնավորների։
2 Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։
3 Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։
4 Երբ ձեզնից մեկն ասում է. «Ես պողոսական եմ», իսկ մեկ ուրիշը. «Ես ապողոսական եմ», պարզ չէ՞, որ պարզապես մարդիկ եք։
5 Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք, և նրանցից յուրաքանչյուրն այն է, ինչ որ Տերը տվեց նրան։
6 Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։
7 Հետևաբար ո՛չ նա է կարևորություն ներկայացնում, ով տնկեց, ոչ էլ նա, ով ջրեց, այլ Աստված՝ նա, ով աճեցրեց։
8 Ով տնկեց, և ով ջրեց, մի են, բայց յուրաքանչյուրն իր վաստակի համաձայն իր վարձը կստանա,
9 որովհետև մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծու արգասիքն եք, Աստծու շինությունը։
10 Ըստ Աստծու շնորհի, որ ինձ է տրվել, ես՝ որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի, բայց ուրիշն է, որ վրան կառուցում է։ Սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։
11 Որովհետև ոչ ոք չի կարող դրվածից տարբեր հիմք դնել, որ Հիսուս Քրիստոսն է։
12 Եթե այս հիմքի վրա կառուցեն ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով,
13 յուրաքանչյուրի գործն ի հայտ կգա. այն հայտնի կդարձնի դատաստանի օրը, որ երևալու է կրակով,
14 և թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը, կրակը կփորձի։
15 Եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, նա տույժի կենթարկվի, թեև ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ինչպես կրակի միջով անցած մեկը։
16 Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։
17 Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։
18 Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա.
19 որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» ։
20 Եվ դարձյալ. «Տերը գիտի իմաստունների խորհուրդները, որ ունայն են» ։
21 Հետևապես մարդկանցից ոչ ոք թող չպարծենա,
22 որովհետև ամեն ինչ ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան և թե՛ գալիքը. ամեն ինչ ձերն է։
23 Իսկ դուք Քրիստոսինն եք, Քրիստոսն էլ՝ Աստծունը։